Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում օգտագործվող տեխնիկան հին է եւ թարմացման կարիք ունի: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 10-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Ռուսաստանի «Ռոսագրոմաշ» ասոցիացիայի նախագահ Կոնստանտին Բաբկինի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am,-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը նշել է. «Ձեր այցը հնարավորություն կտա հստակեցնել` ինչպիսի եւ ինչ ծավալի գյուղատնտեսական տեխնիկա ենք ձեռք բերելու Ռուսաստանից: Մենք ունենք հին տեխնիկա, որը թարմացման կարիք ունի, եւ ես ուրախ եմ, որ այսօր կկարողանանք քննարկել գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր»:
Կոնստանտին Բաբկինը ներկայացրել է «Ռոսագրոմաշի» գործունեությունը, մասնավորապես, նշելով, որ շուրջ 90 գործարան զբաղվում է գյուղտեխնիկայի արտադրությամբ, եւ արտադրանքն արտահանվում է 40 երկիր: Նա տեղեկացրել է, որ ասոցիացիայի գործունեությունն ուղղված է արտահանման խթանմանը եւ ընդգծել, որ իրենք շահագրգռված են մեր երկրի հետ համագործակցությունն ակտիվացնելու հարցում:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստանի կողմից «Ռոսագրոմաշ» ասոցիացիան կազմող ընկերությունների արտադրած գյուղտեխնիկայի ձեռքբերման մանրամասներ: Մասնավորապես, կողմերը քննարկել են լիզինգային տարբերակով տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ գյուղատնտեսությունը ՀՀ կառավարության գերակայություններից է, եւ այդ նպատակով մշակվել է ոլորտի զարգացման հայեցակարգ: Այդ համատեքստում վարչապետը ներկայացրել է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը: Լիզինգային տարբերակով տեխնիկայի ձեռքբերման առումով գործադիրի ղեկավարը հեռանկարային է համարել շրջանակային համաձայնագրի ստորագրումը` որպես ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի նորացմանն ուղղված առաջին քայլ: Մտքերի փոխանակության ընթացքում կարեւորվել է ՀՀ գյուղտեխնիկայի թարմացման ծրագրի մշակումը եւ այդ գործում «Ռոսագրոմաշե ասոցիացիայի ներգրավումը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ կտա` հարցի վերաբերյալ համատեղ քննարկումներ կազմակերպելու համար:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել մեր երկրում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման ձեռնարկությունների ստեղծման, գյուղատնտեսական կոոպերատիվներին տեխնիկայի տրամադրման եւ սպասարկման կենտրոնների (մեքենա-տեխնիկական կայանների) կազմակերպման հարցերին: Մտքեր են փոխանակվել նաեւ տոհմային ցեղատեսակների արտահանման եւ ներմուծման հեռանկարների շուրջ:
Ամփոփելով վարչապետն անհրաժեշտ է համարել աշխատանքային խմբի մակարդակով գործակցության շարունակումը` հնչեցված առաջարկությունները քննարկելու եւ համատեղ ջանքերով փոխշահավետ տարբերակներ մշակելու համար:




























