Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` հոկտեմբերի 10-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ եւ քննարկել բանակում հանցավորության դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման արդյունքում պաշտպանության նախարարի եւ զինվորական դատախազի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման, հանցագործությունների կանխարգելման եւ պատասխանատվության խստացման նպատակով համատեղ հրամանով ստեղծել աշխատանքային խումբ, որը կվերանայի զինված ուժերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը եւ առաջարկություններ կմշակի դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես, շեշտվել է ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան հանցակազմերի համար պատժաչափերի խստացման եւ դրա արդյունքում ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրության, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի եւ այլ իրավական ակտերի դրույթների վերանայման անհրաժեշտությունը:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել փորձագիտական ակտիվ օժանդակություն ցուցաբերել աշխատանքային խմբի գործունեությանը:




























