Ջերմուկում, այսօր` հոկտեմբերի 10-ին, մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվել են աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացի հետ կապված հարցեր:
Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները տեղեկացրել են, որ առաջին վերարտադրությունից ստացված ցորենի սերմացուի բաշխումը հանրապետության մարզերում այսօր կավարտվի, ընթացքի մեջ է էլիտար սերմացուի բաշխման գործընթացը:
Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 14-16-ին կայանալիք հայ ֆերմերների «Հայագրոֆորում» համաժողովի վերաբերյալ: Կկազմակերպվի նաեւ տոնավաճառ, հանդիսավորապես կնշվի Գյուղացիական աշխատողի տոնը:ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզպետներին հորդորել է ակտիվ մասնակցություն ունենալ միջոցառումներին:
Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են նաեւ բերքի մթերման գործընթացին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրին առնչվող հարցեր:
Ա. Գեւորգյանը նաեւ տեղեկացրել է, որ «2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով արդեն սահմանված է համայնքներին հատկացվող դոտացիաների ծավալը, եւ համայնքները կարող են ձեռնամուխ լինել բյուջեների կազմման գործընթացին:




























