Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստ չեն ցանկացած պայմանով խաղաղության պայմանագիր կնքել, դեռ պետք է լուծել որոշ բարդ հարցեր։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Բաքվից եւ Երեւանից ստացվող ազդանշանները շտապ խաղաղության հասնելու մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի։ Դեռ պետք է գտնել հանգուցալուծումներ մի շարք բարդ թեմաների համար»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ խնդիրներ են խոչընդոտում խաղաղության հաստատմանն այդ երկրների միջեւ։
Ինչպես նշել է դիվանագետը, դրանցից կարեւորագույնը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման եւ բոլորի կողմից ընդունված իրավունքների պաշտպանության խնդիրներն են Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակում։ «Այս տրամաբանությունը կողմերն ընդունել են 1991թ. Ալմաթիի հռչակագրի փոխադարձ հաստատումից հետո։ Պահանջված է նաեւ պայմանագրի կատարման միջազգային աջակցության մեխանիզմը, որը հարցականի տակ չէր դնի Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ քաղաքական անկախությունը»,- ավելացրել է Գոնչարը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում։ «Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի պատրաստումը Ռուսաստանի նախագահ [Վլադիմիր Պուտինի], Ադրբեջանի նախագահ [Իլհամ Ալիեւի] եւ Հայաստանի վարչապետ [Նիկոլ Փաշինյանի] եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկն է։ Ռուսական կողմը եռանդուն աջակցում է Բաքվին եւ Երեւանին այդ փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով բոլոր մակարդակների քաղաքական-դիվանագիտական խողովակները. ամեն տարի տեղի են ունենում եռակողմ գագաթաժողովներ, մշտապես հանդիպում են արտաքին գործերի նախարարները»,- նշել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրենը։





























