Ղարաբաղյան հակամարտության լսումներն ընթացան կառուցողական մթնոլորտում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը, պատասխանելով խորվաթական Դուբրովնիկ քաղաքում Վեհաժողովի աշնանային նստաշրջանի արդյունքների մասին հարցին:

Արամ Սաֆարյանի խոսքով, լսումները, իսկ ավելի ճիշտ պրեզենտացիան, ինչպես պաշտոնապես անվանվում էր միջոցառումը, տեւել է երեք ժամ: Նախ ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այնուհետ ելույթ է ունեցել ադրբեջանական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովան, ապա Արամ Սաֆարյանը: Ելույթների համար տրվել է 7-8 րոպե, որից հետո կայացել են քննարկումներ:

Ըստ նախնական պայմանավորվածության, հաշվի առնելով պատվիրակությունների անհավասար կազմերը, երկու երկրներից ելույթ են ունեցել միայն ղեկավարները: Քննարկումներին մասնակցել է 19 պատվիրակ: Ինչպես նշել է Արամ Սաֆարյանը, մի քանիսի ելույթներում զգացվել է ադրբեջանական դիրքորոշման արտացոլումը: Մյուսներն աջակցել են Մինսկի խմբի ջանքերը եւ ողջունել բանակցությունների շարունակումը հիմնարար սկզբունքների հիման վրա:

Վերջում կրկին խոսք է տրվել պատվիրակությունների ղեկավարին, ապա համանախագահներին, որոնք ամփոփել են արդյունքները: «Ցանկանում եմ ընդգծել ՌԴ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի պատվիրակությունների, նաեւ հույն պատվիրակի կառուցողական տոնը»: Արամ Սաֆարյանի խոսքով, բացառությամբ որոշ պատվիրակների, լսումներն անցել են կառուցողական հունով: Ըստ Սաֆարյանի, իրենք այժմ պատրաստվում են ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշի այցին:

Սաֆարյանը նշել է, թե Երեւան գալուն պես, հոկտեմբերի 13-ին, ասուլիս են տալու եւ բաժանելու են պատվիրակությունների ղեկավարների ելույթների պատճենները: