Երեւանում եւ Ստեփանակերտում վերջերս տեղի ունեցան արհեստական հանրահավաքներ. Արայիկ Հարությունյանը նստացույցի մասնակցեց: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված  զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

«Երկրի ղեկավարը նստում է նստացույցի ո՞ւմ դեմ. պետք է ժողովուրդը նստի, որ մի բան պահանջի Արայիկ Հարությունյանից, բայց Արայիկ Հարությունյանն ինքն է նստում նստացույցի՝ առանց պահանջելու այստեղի իշխանություններից, որ հարցերը կարգավորեն: Նույն արհեստական հանրհավաքները եղան նաեւ Երեւանում: Ես մի երկու այդպիսի հանրահավաքի մասկացեցի, եւ երբ մի տարիքով արցախցի խոսք ուզեց եւ ասաց, որ Հայաստանը կփրկվի այն ժամանակ, երբ Գրիգորի Խաչատուրովը դառնա ԳՇ պետ, միանգամից ձեռքից միկրոֆոնը վերցրեցին:

Որեւէ խոսք չեղավ օրվա իշխանությունների վարած քաղաքականության մասին, Արցախում ցեղասպանության մասին: Միայն հումանիտար օգնության մասին էին խոսում: Մենք տեսանք, որ հումանիտար օգնությունը հավաքեցին տարան, Կոռնիձորում պահել են ու շոու են կազմակերպում չգիտեմ ինչու համար»,-ասաց զոհվածի ծնողը:

Անդրադառնալով նրան, որ հունիսի 15-ից Հակարի կամրջի վրա դրոշի հետ կապված միջադեպից հետո ամբողջությամբ փակվեց ճանապարհը. Նա ասաց. «Օրվա իշխանություններն ուզում են ամեն ինչ գցել ուրիշների վրա՝ առանց հաշվի առնելու, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է նաեւ ՀՀ վարչապետը եւ որեւէ քայլ չի անում: Նա որեւէ կերպ չանդրադարձավ եւ միջազգային կառույցների առջեւ չբարձրացրեց Բերձորի միջանցքը բացելու հարցը: Փոխարենը մեղադրում է Ռուսաստանին, ԱՄՆ-ին, մյուսներին, բայց ոչ իրեն»,-ասաց Արա Ռոստոմյանը: