Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտնվել է երկու քարի արանքում. նրա դիրքերը սասանվում են Իրանում եւ Ադրբեջանում, քանի որ ադրբեջանական իշխանությունները Իրանի հետ որեւէ համաձայնության գալ չեն պատրաստվում, իսկ դրանից անտեղյակ շեյխն իր այցով կամա թե ակամա կորցրեց իր հեղինակությունը եւ Իրանում, եւ Ադրբեջանում, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը:
Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի միջնորդական առաքելությունն Իրան, շատ «թանկ նստեց» շեյխի վրա, քանի որ շեյխի գործողություններն ունեցան խիստ բացասական հետեւանքներ ոչ միայն իր, այլ նաեւ իրանա-ադրբեջանական` առանց այն էլ լարված հարաբերությունների վրա: Այսպես, Իրանի այաթոլաները ավելի ագրեսիվ դրսեւորումներ սկսեցին ցուցաբերել` հանդես գալով Ադրբեջանի իշխանությունների դեմ: Նրանք մասնավորապես շեյխի միջոցով խնդրեցին փոխանցել իշխանական կառույցներին` դադարեցնել մահմեդականների դեմ հետապնդումները, ազատ արձակել ձերբակալված բոլոր կրոնական գործիչներին, թույլատրել Ադրբեջանում հիջաբների ազատ կրումը եւ այլն:
Միաժամանակ, Ալլահշուքյուր Փաշազադեն արժանացավ քննադատության նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից: «Որովհետեւ նրա ինքնագլուխ առաքելությունը եւ դրա հետեւանքները բնավ դուր չեն եկել պաշտոնական Բաքվին: Դրանով նա ավելի թուլացրեց իր դիրքերն Ադրբեջանում»,-նշում է «Պոլիգոնը»:
Որոշ տեղեկություններով, իրանական այցից հետո շեյխի վրա ճնշումներն ավելի են ուժեղացել` հարվածելով նրա բիզնեսին: «Եթե նախկինում շեյխի` Իրան ներկրվող եւ Իրանից արտահանվող ապրանքները որեւէ սահմանափակման չէին ենթարկվում, ապա այժմ լուրջ խնդիրների հետ են բախվում իրանական մաքսատանը: Շեյխի եղբորը` Ջավանշիր Փաշազադեին պատկանող «Ազեր-Ջանուբ» ընկերության արտադրած ապրանքները հատիկ-հատիկ ստուգում են անցնում իրանական մաքսատանը»,-գրում է աղբյուրը:




























