Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Հակոբ քահանա Գեւորգյանի։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Տեր Հակոբը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրել է ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հայորդիներին։

Վեհափառ Հայրապետը, իր սերն ու օրհնությունը բերելով ուխտավորներին, կարեւորել է դեպի Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, ինչը լավագույն հնարավորությունն է ընձեռնում հայորդիներին ճանաչելու Մայր Հայրենիքը եւ հաղորդ դառնալու հոգեւոր, մշակութային ժառանգությանը։

Հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին եւ Արցախի շրջափակմանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուխտավորներին հորդորել է իրենց երկրում բարձրաձայնել ու իշխանություններին ներկայացնել տարածաշրջանում առկա կացությունը, եւ հետեւողական ջանքեր գործադրել արցախահայության անվտանգ կյանքի, ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար։

Վերջում Հայոց Հայրապետը պատասխանել է ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերին։