Շաբաթ օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը տեղական արտադրության ռազմական նոր տեխնիկա եւ համակարգեր են ստացել, տեղեկացրել է Tasnim-ը։
Նոր ռազմավարական տեխնիկան, ներառյալ հրթիռները, անօդաչուները եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, ԻՀՊԿ ռազմածովային ուժերին է հանձնվել այն արարողության ժամանակ, որին մասնակցել են ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին եւ ԻՀՊԿ ՌԾՈւ գլխավոր հրամանատար, դերծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին։
Այդ ռազմական համակարգերն արտադրվել են ԻՀՊԿ-ի, Իրանի պաշտպանության նախարարության եւ հայրենական գիտատար ընկերությունների կողմից։
Սպառազինությունների նոր նմուշների մեջ կան հետախուզական, մարտական, հարձակողական եւ լրտեսական անօդաչուներ, նյութատեխնիկական եւ հրամանատարական մեքենաների տարբեր տեսակներ, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, այդ թվում ՀՕՊ միջոցներ։
Ստացվել են նաեւ բեռնատար ավտոմեքենաներ՝ զինված թեւավոր հրթիռների արձակման կայանքներով, ռադիոլոկացիոն համակարգերով եւ հարյուրավոր թեւավոր հրթիռներով՝ թռիչքի 300-1 000 կիլոմետր հեռահարությամբ։
Կան նաեւ մի շարք հատուկ հրթիռային համալիրներ, անօդաչուներ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։




























