Google ինտերնետ հսկան հանարությանն է ներկայացրել ծրագրավորման Dart նոր լեզվի նախնական տարբերակը, որը նախատեսված է վեբ-հավելված ստեղծելու համար:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Dart լեզվով գրված ծրագրերը թողարկվում են անմիջապես բրաուզերներում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, Dart-ը պետք է օգնի խոշոր նախագծերի ստեղծմանը, սակայն այն հարմար է նաեւ սիրողական մշակումների համար: Google-ում հայտարարել են, որ ժամանակի հետ, Dart-ը կարող է նեղը գցել այսօր օգտագործվող JavaScript-ին:
Dart-ի գլխավոր առավելությունների շարքում մշակողները նշում են ճկունությունը, թեթեւությունը եւ ունիվերսալությունը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Google-ն արդեն թողարկել է dartlang.org կայքը, որտեղ կան հրահանգներ մշակողների համար, լեզվի ինքնուսույց եւ կոդի օրինակները:
Dart նախագիծը Google-ի ծրագրավորման լեզուներ մշակելու առաջին փորձը չէ: 2009-ին ընկերությունը ներկայացրել է Go լեզուն, որը կարող է օգտագործվել համակարգային հավելվածների ստեղծման համար, որպես այլընտրանք նման դեպքում կիրառվող C/C++ լեզուների:




























