Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում այսօր` ժամը 09.30-ին սահմաններում, փրկարարները հողազանգվածից դուրս են բերել դի: Սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է. փրկարարները հողաշերտից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանի դին:

Ինչպես NEWS.am–ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում, այս պահին որոնողափրկարարկան աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ  հոկտեմբերի 10-ին, ժամը 10.28-ին, հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երեւանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 համարանիշի սեւ մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել են 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը զոհվածի հարազատներին: