Եթե մենք իսկապես պաշտպանում ենք ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ապա պետք է ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Լաչինի միջանցքի շրջափակման սկսվելու օրվանից ես Կոնգրեսի իմ գործընկերների և ողջ երկրի հայերի հետ Սպիտակ տանը, Պետդեպարտամենտին և ԱՄՆ ՄԶԳ-ին կոչ արեցի քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու Արցախի ժողովրդին և նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար:
Քանի որ Ադրբեջանը մերժում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Արցախ բերել կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն և շտապ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հեռացնել Արցախից, միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտությունը կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունն օրեցօր մեծանում է։ Ես խստորեն կոչ եմ արել Ադրբեջանին վերացնել շրջափակումը և թույլ տալ մարդասիրական օգնության ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, իսկ նախագահ Բայդենին հորդորել եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում տիրող ծանր իրավիճակը կարգավորելու համար։
Դատապարտելով հրադադարի խախտումները, ջատագովելով հայ ռազմագերիների ազատ արձակումը, կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ես միշտ անսասան եմ եղել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները պաշտպանելու՝ իմ հանձնառության մեջ։
Որպես Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ՝ ես նաև հանդես եմ եկել միջազգային գործողությունների օգտին՝ այս ճգնաժամը խաղաղ ճանապարհով վերջ տալու համար: Եթե մենք իսկապես պաշտպանում ենք ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, պետք է ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և բարձրաձայնենք էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքների դեմ, որին բախվում է հայ համայնքը իր նախնիների հայրենիքում։
Օգտագործելով մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ներառյալ ԱՄՆ-ի կողմից Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը, Ադրբեջանին ռազմական և այլ օգնության դադարեցումը և այս ճգնաժամի պատասխանատուների դեմ պատժամիջոցների կիրառումը, կարող ենք ապահովել Արցախի անվտանգությունն՝ այժմ և ապագայում:
Ես ձեզ հետ եմ լինելու ամեն քայլափոխի և միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- գրել է կոնգրեսականը։





























