Մեր խմբակցության համար անընդունելի էր Դավիթ Իշխանյանի ընտրությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, որովհետեւ հաշվի չէին առնվել մի շարք հանգամանքներ եւ նրբություններ, չեն պատկերացնում նման վճռի հետեւանքները կապված տարածաշրջանի իրողության հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը։
«Մենք դա ընտրութուն չենք համարում, այլ նշանակում, որն ուներ քաղաքական բնույթ։ Այդ քաղաքական բնութի տակ ինչ էր թաքնված՝ չեմ կարող ասել։ Եթե իշխող խմբակցությունը չի ընտրում թեկնածու իր կազմից, այլ անցնում է ամենափոքր խմբակցությանը, ուրեմն՝ մտածելու առիթ կա։ Այսինքն՝ իրենց խմբակցությունում արժանապատիվ մարդ չի՞ գտնվել։ Այս լրջագույն պահին իրենք իրենց վրայից հեռացնում են պատասխանատվությունը՝ թողնելով փոքր խմբակցության վրա։ Մտորումների առիթ է տալիս նաեւ այն, որ իրենք խորհրդարանին զրկում են ընդդիմադիր խմբակցությունից՝ այդպիսով ի՞նչ քայլ են հետապնդում։ Խնդիրը Դավիթ Իշխանյանի մեջ չէ, նա լավ անձնավորություն է, խնդիրը իշխանության անհեռատես քաղաքականությունն է»,- նշեց Պետրոսյանը։





























