Արցախի իշխանական թեւում քննարկվել է թե ով պետք է ընտրվի Արցախի Ազգային ժողովի նախագահ եւ Արցախի Հանրապետության նախագահի կողմից առաջարկ է հնչել, որպեսզի ներքին կյանքը ու ներքին միասնականությունը ապահովելու եւ ընդգծելու համար ընդդիմությունից թեկնածու ընտրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:
«Եվ այսպես ընդդիմադիր թեկնածուներից որոշակիորեն հաշվի առնելով ՀՅԴ-ի արտաքին կապերը եւ կառույցի ենթակառուցվածքներն ամբողջ աշխարհում, ընտրությունը կանգնեց ՀՅԴ-ի վրա: Արցախում սա նորություն չէ: 2005-ից մինչեւ 2020 թվականը Արցախի խորհրդարանի նախագահը եւս եղել է ոչ մեծամասնության ներկայացուցիչը: Կարծես՝ ներքին կյանքն էլ ավելի հանդարտ եւ միասնական լինելու համար միշտ էլ մոտեցումներ եղել են, դա նորություն չէ»,- ընդգծեց Արամ Հարությունյանը:
Անդրադառնալով այն դիտարկումներին, որ Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահ ընտրելու պատճառը հետագա որոշումներում պատասխանատվությունը կիսելն է, պատգամավորը չհակադարձեց.
«Շատ պատասխանատու փուլ է Արցախում եւ շատ դժվար է միանձնյա որոշում կայացնելը: Մենք տեսնում ենք, որ մեր ամեն մի որոշումից կախված է Արցախի լինել չլինելը եւ առհասարակ մեր գոյաբանական անվտանգության հարցն է դրված: Գուցե նաեւ այդ նկրտումները կան, որ այդ որոշումները, որոնք կայացվում են ամենօրյա ռեժիմով, փորձ է, որ դրանք պետք է կայացվեն ոչ թե մի բեւեռից, այլ լինեն կոնսենսուսային եւ հաշվի առնվեն բոլորի տեսակետները»:





























