«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցում է սոցիալական գործընկերությանը նվիրված երկրորդ ազգային համաժողովին: Միջոցառումը, որն անցկացվում է հոկտեմբերի 11-12-ին, Երեւանում, կազմակերպվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի համաժողովի առանցքային թեմաներն են աշխատակիցների անվտանգությունն ու առողջության պահպանումը:
«Մենք առանձնացրել ենք աշխատակիցների անվտանգությանն ու առողջության պահպանմանը վերաբերող թեմաներ, քանի որ այս խնդիրը մեր երկրում խիստ արդիական է: Աշխատուժը մեծ դեր է խաղում մրցունակության բարձացման եւ կազմակերպչական գործընթացն առավել արդյունավետ դարձնելու հարցում, սակայն, ցավոք, մեր երկրում այս հանգամաքը դեռեւս բոլորը չեն գիտակցում: Աշխատակիցների առողջության պահպանումը եւ անվտանգության ապահովումն այսօր հանդիսանում է հայաստանյան բիզնեսի թույլ կողմերից մեկը եւ մենք այս համաժողովի շրջանակում կփորձենք գտնել ճանապարհներ այն հնարավորինս զարգացնելու համար»,- նշել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Հայտնի է, որ շուկայական պայմաններում ընկերությունը ստանձնում է սոցիալական գործընկերոջ դեր, ինչպես աշխատակիցների, այնպես էլ պետության համար: «ԱրմենՏել» ընկերությունը չափազանց կարեւորում է իր աշխատակիցների անվտանգությանն ու առողջության պահպանմանն ուղղված համակարգերի կիրառումն ու զարգացումը, այն իր մեջ ներառում է նաեւ բժշկական ապահովագրության բոլոր տեսակները: Նշենք, որ ընկերությունում գործող արհմիության հետ արդյունավետ համագործակցությունը նույնպես մեծ ուշադրության է արժանանում», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:
«Սոցիալական գործընկերության» երկրորդ համաժողովին մասնակցում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության, ինչպես նաեւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների, տեղական եւ արտասահմանյան, պետական եւ ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Նշենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ “ԱրմենՏել” ընկերությունը հանդիսանում է սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային համաժողովի գլխավոր հովանավոր:




























