Գործարար Բիձինա Իվանիշվիլին, ով վերջերս հայտարարել է քաղաքականությամբ զբաղվելու մտադրության մասին, Վրաստանի քաղաքացի չէ, քանի որ ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն:
«ՌԴ քաղաքացի Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 2004-ի հուլիսի 22-ին: «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքի համաձայն, քաղաքացիական ռեեստրում կատարվել է գործի ուսումնասիրություն եւ պարզվել է, որ Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիություն ստանալուց հետո, ստացել է նաեւ Ֆրանսիայի քաղաքացիություն: Ելնելով դրանից, հաշվի առնելով Վրաստանի Սահմանադրությունը, դադարեցվել է Իվանիշվիլիի Վրաստանի քաղաքացիությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Իվանիշվիլին իր բիզնես գործունեությունն սկսել է Ռուսաստանում, 1990-ականներից: Հետո նա տեղափոխվել է Վրաստան, պահպանելով ուսաստանում ունեցած բիզնեսի մի մասը:
Մինչ օրս նա իրեն հեռու էր պահում քաղաքական գործընթացներից, բայց վերջերս հայտարարել է, որ մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ հասնել իշխանությունից Սահակաշվիլիի հեռացմանը:
Forbes ամսագրում հրապարակված, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում Իվանիշվիլին զբաղեցրել է 25-րդ տեղը: Նրա ունեցվածքը գնահատվել է 5,5 մլրդ դոլար:




























