Հայաստանի ֆուտբոլի հավաքականը եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մարտական են տրամադրված այսօրվա` հոկտեմբերի 11-ի Հայաստան-Իռլանդիա խաղից առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը` հավելելով, որ ֆուտբոլիստներն այժմ հանգստանում են:
«Հույս ունենք, Աստված տա` հաղթենք, սպասում ենք, որ նշենք հաղթանակը»,- ասաց նա` հավելելով, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ հաշվով կհաղթենք, կարեւորը հաղթելն է:
Իսկ թե ինչ է պատրաստ անել Ռուբեն Հայրապետյանը մեր հավաքականի հաղթանակի դեպքում, նա նշեց, որ այդ մասին բազմիցս ասել է եւ խաղից առաջ չի ցանկանում կրկնել: ՀՖՖ նախագահին չի հետաքրքրում, թե ինչպես են տրամադրված իռլանդացի ֆուտբոլիստները. «Կարեւորը մենք ենք տրամադրված, որպեսզի լավ խաղանք»:
Երեւանի ժամանակով 22:45-ին Դուբլինում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը: Հոկտեմբերի 10-ի առավոտյան մեր ֆուտբոլիստները չարտերային չվերթով մեկնեցին վճռական հանդիպման մրցավայր: Իռլանդիան Ջովանի Տրապատոնիի գլխավորությամբ Վարդան Մինասյանի թիմին կընդունի 51 հազարանոց «Ավիվա» ստադիոնում, որն աշխարհի ամենաժամանակակից ստադիոններից մեկն է:




























