Ռուսական երկու կործանիչներ՝ Սու-34 եւ Սու-35, Սիրիայում գրանցել են իրենց վրա ուղղորդող համակարգերի ազդեցությունը, տեղեկացրել է Թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնը (ենթարկվում է ՌԴ պաշտպանության նախարարությանը)։ Ինքնաթիռները նաեւ ենթարկվել են ռադիոլոկացիոն ազդեցության ԱՄՆ գլխավորած կոալիցիայի F-35 երկու կործանիչների կողմից, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Միջադեպերը տեղի են ունեցել օգոստոսի 11-ի գիշերը Աթ-Թանֆ շրջանում։ Թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ Վադիմ Կուլիտը տեղեկացրել է, որ ռուսական կործանիչները կատարում էին պլանային թռիչք։ Դրանց վրա ուղղորդող համակարգերի ազդեցությունը հանգեցրել է ինքնաթիռների պաշտպանության համակարգերի ավտոմատ միացման։
«Կոալիցիան» նման գործողություններով շարունակում է վտանգավոր նախադրյալներ ստեղծել, ինչպես նաեւ սրում է իրավիճակը Սիրիայի օդային տարածքում»,- նշվել է կենտրոնի հայտարարությունում։
Ռուսական կողմը նորից մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի երկնքում վտանգավոր իրավիճակներ ստեղծելու մեջ։ Մեկ օրում կենտրոնը գրանցել է 11 խախտում։ Էթ-Թանֆում մեկ օրում գրանցվել է 16 խախտում երկու F-16-ների, չորս զույգ F-3-ների եւ մեկ զույգ Typhoon-ի, մեկ զույգ Rafale-ի եւ երկու MQ-1C անօդաչուների կողմից։
ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը վերջին շաբաթներին մշտապես մեղադրանքներ են փոխանակում Սիրիայում վտանգավոր իրավիճակների ստեղծման վերաբերյալ։ Նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով Սիրիայում ՆԱՏՕ երկրների հետ ՌԴ ուղիղ բախման մասին հարցին, ասել է, որ «Մոսկվան պատրաստ է ցանկացած սցենարի, բայց Ռուսաստանը դա չի ցանկանում»։




























