Իրանն սկսել է լեռնարդյունահանման համալիրի շինարարությունը երկրի հյուսիս-արեւմուտքում, որը Իրանի միջուկային գերատեսչության ղեկավարը դիտարկում է որպես հումքի արդյունահանման «կենտրոն», որն անհրաժեշտ է ատոմային էներգիայի արտադրության համար, գրել է Mehr-ը։
Նախագիծն սկսել է իրականացվել հինգշաբթի, Խոյի (Արեւմտյան Ադրբեջան հյուսիսարեւմտյան նահանգ) Ջանգ-ե-Սար շրջանում այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել են ռադիոկատիվ նյութեր եւ հազվագյուտ հողերի տարրեր։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին գործարկման արարողության ժամանակ հայտարարել է, որ համալիրը կարող է զգալի դեր խաղալ ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությունն արագացնելու գործում։
«Այս համալիրի հնարավորություններն այնքան մեծ են, որ, անկասկած, այն կդառնա հումքի մատակարարումների կենտրոն միջուկային վառելիքի արտադրության համար եւ զգալի դեր կխաղա 20 000 մեգավատ միջուկային էլեկտրաէներգիայի արտադրության պլանին աջակցելու հարցում»,- ասել է նա։
Այստեղ, ըստ առկա տվյալների, հայտնաբերվել են ուրանի, մոլիբդենի եւ այլ տարրերի հանքեր։
Ըստ Էսլամիի՝ այս շրջանը կարող է դառնալ հազվագյուտ հողերի տարրերի հսկայական աղբյուր, որոնք լայն կիրառություն ունեն արդյունաբերությունում։
Պաշտոնյան ասել է, որ որոնումներն այս շրջանում սկսվել են անցյալ տարի։
Նրա խոսքով՝ նախագիծն ավարտվելու է երկուսուկես տարում, իսկ նախագծի առաջին փուլի իրագործման համար անհրաժեշտ է մոտ 10 տրլն ռիալ (մոտ 20 մլն դոլար)։
Իրանում ներկայում գործում է ատոմակայան Բուշեհրում, որը տարեկան արտադրում է 1 000 մեգավատ էլեկտրաէներգիա։
Իրանը նախատեսում է կառուցել եւս մի քանի ատոմային էլեկտրակայաններ, որպեսզի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը հասցնի 20 հազար մեգավատի։





























