ԵԱՀԿ-ն միակ կառույցն է, որն զբաղվում է անվտանգության խնդիրներով ողջ Եվրոպայում` դուր է գալիս դա Ադրբեջանին, թե ոչ:  Այս մասին NEWS.am-ին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը`մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության կառավարման երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնլիի այն հայտարարությունը,  թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հիմնախնդրի լուծմանն աջակցելու փոխարեն  արհեստականորեն ձգձգում են այն:

Փորձագետի խոսքով` ԵԱՀԿ-ում հստակ գիտակցում են, որ իրավիճակը  հարկավոր է լուծել խաղաղ ճանպարհով, ինչը հակասում է Բաքվի ռազմական հռետորաբանությանը:

«Մինսկի խումբն արտացոլում է այդ դիրքորոշումը:  Ոչ Եվրոպայում, ոչ ԱՄՆ-ում  Հարավային Կովկասում նոր պատերազմ չեն ցանկանում: Միաժամանակ` Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը Արեւմուտքում աջակցություն չի գտնում: Այս պայմաններում, կարծում եմ, ԵԱՀԿ-ն ճիշտ է գործում»,-հայտարարեց նա:

Քաղաքագետի խոսքով` որքան էլ Ադրբեջանը փորձի դուրս գալ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից, դա հազիվ թե հաջողվի: «ԵԱՀԿ-ն, չհաշված որոշ թերությունները,  հզոր դիրքեր ունի:  Ի հավելումն` հարկ է նշել, որ հակամարտությունը  եւ  այն կարգավորելու գործընթացը կախված է ոչ միայն Ադրբեջանից, այլ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, մասնակիորեն` նաեւ Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից»,- եզրափակեց Ցիգանոկը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության կառավարման երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնլին հոկտեմբերի 11-ին հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավորություն են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արհեստականորեն ձգձգելու համար։ «Մինսկի խմբի նման պասիվությունը կարող է հարվածի տակ դնել Կովկասում այդ կառույցի հեղինակությունը»,-հայտարարել էր Հուսեյնլին: