Մոսկվայում տեղի է ունեցել Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի էներգահամակարգերի միացման գծով եռակողմ հանդիպում՝ երեք երկրների էներգետիկայի փոխնախարարների մասնակցությամբ, տեղեկացրել է Mehr-ը։

ԻԻՀ պատվիրակության ղեկավար, էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերին մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը՝ ուղղված Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի էլեկտրացանցերի միավորմանը, տեղեկացրել է Ռուսաստանում Իրանի դեսպանությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել երեք երկրների էներգետիկայի փոխնախարարների մասնակցությամբ, նրանք քննարկել են նախագծերի իրականացման տեխնիկական միջոցները։

Հուլիսի 16-ին Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել էր, որ Իրանը եւ Ռուսաստանը էլեկտրաէներգիա կփոխանակեն Ադրբեջանի Հանրապետությունով։

«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք օգտվել ենք երկու երթուղուց՝ Ադրբեջանի Հանրապետությունից եւ Հայաստան-Վրաստանից, եւ մենք վերջնական բանակցությունների փուլում ենք»,- ասել է նա։

Իրանի էներգետիկայի նախարարը ավելացրել է, որ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարեւանների հետ առանց վճարի։

«Շուտով մենք կսկսենք էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ Ադրբեջանով։ Ռուսական էլեկտրացանցին միանալը Հայաստանով եւ Վրաստանով նույնպես օրակարգում է»,- ասել է նա։