Թուրքմենստանը լրջորեն անհանգստացած է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկիի հայտարարությամբ, որը հնարավոր է համարել ընդլայնել Ռուսաստանի Դաշնության գազային միությունը Ղազախստանի և Ուզբեկստանի հետ։ Այս մասին հայտարարել է «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի փոխնախագահ Միրադ Արչաևը։
Այս տարվա օգոստոսի 11-ին մի շարք լրատվամիջոցներ տարածել էին ՌԴ արտաքին գործերի նախարարության տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկիի հայտարարությունը Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ, այսպես կոչված, «եռակողմ գազային դաշինքի» մասին։ Նրա խոսքով, Ռուսաստանը չի բացառում «գազի ոլորտում եռակողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունը» և գիտի, որ «որ այլ պետություններ նույնպես հետաքրքրված են դրանով»։
«Պարոն Բիրիչևսկիի հայտարարությունն առնվազն մի քանի հարց է հարուցում։ Ի՞նչ «ընդլայնման հնարավորությունների» մասին է խոսքը, ո՞ր «այլ պետություններն» են հետաքրքրված, ի՞նչ է սկզբունքորեն գտնվում գազի ոլորտում «եռակողմ համագործակցության» հետևում։ Ռուս դիվանագետի օգտագործած շրջանցող ձևակերպումները դրանց պատասխանը չեն տալիս։ Մինչդեռ այստեղ լիակատար հստակություն է պահանջվում, քանի որ շոշափվում են այլ պետությունների, այդ թվում՝ Թուրքմենստանի շահերը»,- նշում է Արչաևն իր մեկնաբանության մեջ։
Նա հիշեցրել է, որ Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Չինաստանը տևական ժամանակ համագործակցում են Կենտրոնական Ասիայից Չինաստան բնական գազի փոխադրման հարցում՝ «հստակ համաձայնեցված ծավալներով, ժամկետներով, տնտեսական և տեխնիկական պարամետրերով»։
«Այլ երկրներից գազի աղբյուրները խողովակաշարը լցնելու համար նախատեսված չեն, իսկ Չինաստանին մատակարարվող գազի ծավալների բաշխման գործող սխեման Թուրքմենստան-Չինաստան գազատարի նախագծի մասնակիցների ցուցակն ընդլայնելու ծրագրեր չի ներառնում։
Հարկ է նշել, որ Թուրքմենստանը խստորեն պահպանում է չինացի, ուզբեկ և ղազախ գործընկերների նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ Եվ իրավացիորեն փոխադարձություն է ակնկալում:
Ակնհայտ է նաև, որ գազի մատակարարման համաձայնեցված և ձևակերպված ծավալների և սխեմաների ցանկացած փոփոխություն՝ օգտագործելով առկա ենթակառուցվածքը, պահանջում է առանց բացառության բոլոր մասնակիցների նախնական համաձայնությունը։ Մինչդեռ Թուրքմենստանի հետ այս հարցով խորհրդակցություններ չեն անցկացվել։ Նման մոտեցումն անհասկանալի և անընդունելի է թուրքմենական կողմի համար, և մեր երկրի կողմից գնահատվում է որպես գազի ոլորտում միջազգային իրավունքի և պրակտիկայի նորմերին հակասող»,- ասել է Միրադ Արչաևը։





























