Ադրբեջանի կողմից առնվազն տարօրինակ է լսել  սպառազինության մրցավազք հրահրելու վերաբերյալ Հայաստանի հասցեին արված մեղադրանքները:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության կառավարման երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնլիի այն հայտարարությունը,  թե «Հայաստանն Ադրբեջանից ավելի ինտենսիվ է սպառազինվում» եւ որ «Երեւանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»:

«Սա բավականին կասկածելի քաղաքականություն է: Հենց Ադրբեջանն է սպառազինությունների մրցավազք հրահրում եւ հպարտանում իր ռազմական բյուջեով: Հենց Բաքուն է պնդում, թե ռազմական լուծումը բացառված չէ: Ուստի Հայաստանին սպառազինությունների մրցավազքի խթանման մեջ մեղադրելն առնվազն տարօրինակ է», - նշեց փորձագետը` ավելացնելով, որ Ադրբեջանին անհրաժեշտ է  ընդհանրապես վերանայել իր մոտեցումը:

«Ադրբեջանը պետք է դադարեցնի հայկական դիրքերի գնդակոծումը, ինչպես նաեւ դադարի պարծենալ իր ռազմական բյուջեով: Այդ երկրում այնքան էլ լավ չեն ապրում` նման միջոցներ սպառազինության վրա ծախսելու համար: Այն պարագայում, եթե Հայաստանը շարունակի ներկա տեմպերով սպառազինվել, Ադրբեջանը հնարավորություն կունենա Հայաստանին կշտամբել չափից ավելի սպառազինվելու մեջ: Իսկ առայժմ դա դատարկ քարոզչություն է»,- նկատեց Ալեքսանդրովը:

Փորձագետը տարակուսանք հայտնեց  Հուսեյնլիի այն մեղադրանքների առնչությամբ, թե  հայ-ռուսական կապերը  եւ ռազմավարական գործընեկերությունը  տարածաշրջանում անհավասարակշռություն են ստեղծում: «Հայ-ռուսական հարաբերությունները, ընդհակառակը,  պաշտպանում են ուժերի հավասարակշռությունը: Հարավային Կովկասում իր ներկայությամբ Ռուսաստանը հակակշիռ է Թուրքիային, Իրանին, խոչընդոտում է տարածաշրջան Արեւմուտքի ներթափանցմանը, ընդ որում` ռազմական ներթափանցամանը:  Եթե չլիներ Ռուսաստանը, Հարավային Կովկասում  նմանտիպ իրավիճակ կլիներ, ինչ Սիրիայում կամ Լիբիայում: Ո՞ւմ է պետք չդադարող պատերազմը»,- նկատեց զրուցակիցը` ավելացնելով, թե Ադրբեջանը պետք է ողջունի Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում:

«Բաքուն պետք է մտածի հրավիրել Ռուսաստանին` իր մոտ ռազմական կոնտինգենտ տեղակայելու: Դա կծառայի որպես տարածաշրջանում անվտանգության եւ կայունության երաշխիք»,-եզրափակեց Միխայիլ Ալեքսանդրովը: