ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արհեստական ձգձգման եւ խոչընդոտներ ստեղծելու մեջ մեղադրելը պարզապես ծիծաղելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության վարչության աշխատակից Էլչին Հուսեյնլիի այն հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արհեստականորեն ձգձգում են կարգավորման գործընթացը:
«Մեղադրանքները պարզապես ծիծաղելի են: Կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու կողմերը փոխզիջման ճանպարհով շարժվեն, սակայն Ադրբեջանը չի ցանկանում ոչինչ զիջել»,-ընդգծեց փորձագետը:
Միխայիլ Ալեքսանդրովի կարծիքով` Ադրբեջանը ցանկանում է ամեն ինչ ստանալ այն ձեւով, ինչպես կար նախքան Խորհրդային միության փլուզումը: Դա սկզբունքորեն հնարավոր չէ: Բաքուն պետք է փոխզիջման գնա եւ ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` 7 շրջանների դիմաց. այդ տարբերակը դեռեւս հնարավոր է: Այլապես 10 տարի առաջ այն նույնպես անիրականալի կլինի: Եթե Բաքուն փոխզիջման չգնա, առաջընթաց չի լինի»,-նկատեց փորձագետը:
Ինչ վերաբերում է Հուսեյնլիի այն հայտարարությանը, թե Մինսկի խմբի նման պասիվությունը կարող է հարվածի տակ դնել Կովկասում այդ կառույցի հեղինակությունը, զրուցակիցը նշեց, որ ավելի շուտ հարվածի տակ կլինի Ադրբեջանի հեղինակությունը: «Մինսկի խմբին մեղադրել նրանում, որ Ադրբեջանը չի՞ ցանկանում զիջումների գնալ: Այդպե՞ս»,- հռետորական հարցադրում արեց փորձագետն, ընդգծելով, որ դա պարզապես հիվանդագին օդի տատանում է:



























