Ավելի քան մեկ ամիս առաջ մեկնարկած Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացրել է շուրջ 10 սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասացին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամները` ամփոփելով Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը եւ ներկայացնելով փառատոնի` հոկտեմբերի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք եզրափակիչ համերգը:
Նրանց փոխանցմամբ` փառատոնին մասնակցել են հրավիրված շուրջ տասնհինգ հռչակավոր երաժիշտներ աշխարհի ամենատարբեր երկրներից: Ծրագիրն ընդգրկել է համաշխարհային դասական երաժշտարվեստի մեծերի գլուխգործոցները: Պետ.Ֆիլհարմոնիկի ղեկավարությունը Փառատոնի կարեւորագույն ձեռքբերումներից է համարում վարպետության դասերը, որ հայ երիտասարդ կատարողների հետ անց են կացրել փառատոնի հրավիրյալ մենակատարները:
Մասնավորապես, փառատոնի շրջանակներում անց է կացվել հինգ վարպետության դաս, որոնց մասնակցել են ավելի քան տասնհինգ հայ ուսանողներ, որպես ունկնդիր ներկա են եղել շուրջ քառասուն երիտասարդ երաժիշտներ: Իսկ Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը ղեկավարելու է հրավիրված բրիտանացի աշխարհահռչակ դիրիժոր, Charlotte Symphony եւ London Chamber Orchestra նվագախմբերի գեղարվեստական ղեկավար Քրիստոֆեր Ուորրեն-Գրինը: Համերգին որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահար Եվգենի Սուդբինը:




























