Ռուսական Վոլժսկի եւ հայկական Արտաշատ քաղաքները կարող են դառնալ քույր քաղաքներ: Այդ մասին ասված է նամակում, որը Արտաշատի քաղաքապետն ուղարկել է Վոլժսկիի քաղաքապետին, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

Իր նամակում Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանն առաջարկել է Վոլժսկիի քաղաքապետ Մարինե Աֆանեսովային ստորագրել պայմանագիր համագործակցության, բարեկամության եւ փոխօգնության վերաբերյալ, ինչպես նաեւ Վոլժսկին եւ Արտաշատը հայտարարել քույր քաղաքներ: Նա նաեւ հույս է հայտնել, որ Վոլժսկի քաղաքի ղեկավարը կայցելի Արտաշատ` քաղաքի օրվան նվիրած տոնակատարության ժամանակ: Այս տարի լրանում է Արտաշատ քաղաքի 2200 ամյակը, ինչի առթիվ միջոցառումներ տեղի կունենան հոկտեմբերի 15-ին եւ 16-ին: