Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունը (ԱԺՃԿ) կոչ է անում միջազգային դեմոկրատական հանրությանը պատժիչ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի դեմ, տեղեկացրել է Turan-ը։

«Իլհամ Ալիեւի վարչակարգը համառորեն ցանկանում է Ադրբեջանը վերածել մի երկրի, որը կնմանվի Հյուսիսային Կորեային, եւ միջազգային հանրությունը պարտավոր է թույլ չտալ դա»,- նշվել է ընդդիմադիր կուսակցության հայտարարությունում։

Փաստաթուղթն ընդունվել է առաքիչների եւ ակտիվիստների դեմ բռնաճնշումների վերջին փաստերի հետ կապված։ Մասնավորապես, անկախ Արհմիությունների համադաշնության անդամների նկատմամբ։

«Պատճառն այն է, որ նրանք պաշտպանում են ցրիչների խախտած իրավունքները, որոնք առաքում են պատվերները մոպեդներով։ Օգոստոսի 1-ին ցրիչների խումբը առարկել էր այն բանի դեմ, որ ավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել էին իրենց մոպեդները եւ տարել տուգանային հրապարակ։ Այդ բողոքից անմիջապես հետո վարչության նախագահ Աֆիյադդին Մամեդովը դատապարտվել էր 30 օրվա վարչական կալանքի։ Հաջորդ օրերին թմրանյութեր ստանալու, պահելու եւ սպառելու մեղադրանքով ձերբակալվել են նաեւ անկախ Արհմիությունների համադաշնության վարչության անդամներ Այհան Իսրաֆիլովը եւ Էլվին Մուսթաֆաեւը։

ԱԺՃԿ-ն կարծում է, որ առաջադրված մեղադրանքները կեղծ են, եւ հայտարարում է, որ այդ անձինք դարձել են թիրախ իրենց հանրային գործունեության պատճառով։

«Իլհամ Ալիեւի վարչակարգը, որը հայտնի է իր կոշտ ավտորիտարիզմով եւ բռնաճնշումներով, իրեն չենթարկվող ցանկացած կազմակերպություն եւ բողոք դիտարկում է որպես սպառնալիք։ Անկախ Արհմիությունների համադաշնությունը, պաշտպանելով աշխատավորների, մասնավորապես՝ առաքիչների իրավունքները, դարձել է հետապնդման օբյեկտ»,- նշվել է փաստաթղթում։

ԱԺՃԿ-ն վճռականորեն դատապարտում է այդ բռնաճնշումները եւ պահանջում ազատ արձակել ձերբակալվածներին։

Բացի այդ, կուսակցությունը պահանջել է դադարեցնել թշնամական վերաբերմունքը ընդդիմության եւ անկախ հասարակական-քաղաքական ուժերի նկատմամբ։ Վերջին ամիսներին քաղաքական պատճառներով ձերբակալվել է քաղաքական եւ հասարակական գործիչների, ինչպես նաեւ հավատացյալների (այդ թվում հանրահռչակ պրոֆեսոր, քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուն) ավելի մեծ թվաքանակ։ Ներկայում բանտերում ԱԺՃԿ 8 ակտիվիստ կա։