Ադրբեջանական կառավարությունը շարունակում է իր ավանդական քաղաքական կուրսը` մեկ անգամ եւս հաստատելով, որ չի ցանկանում երկրում դեմոկրատական արժեքներ տարածել, նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Ռամին Հաջիեւը` անդրադառնալով վարչապետ Արթուր Ռասիզադեի` Եվրոպական հեռահաղորդակցության միությանը (EBU) հղած նամակին, որտեղ նա մասնավորապես կառավարության անունից հավաստիացումներ էր տալիս «Եվրատեսիլ-2012»-ի հյուրերի համար վիզային ռեժիմի պարզեցման եւ նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ,հաղորդում է «Ազադլըգ» թերթը:
Փորձագետն այդ հարցի կապակցությամբ ասել է. «Չնայած Եվրոպան պահանջում է Ադրբեջանից մինչեւ մրցույթի անցկացումը ապահովել երկրում մարդու իրավունքները եւ ազատությունները, սակայն Ադրբեջանի կառավարությունը փորձում է կիսատ-պռատ մի որոշմամբ ազատել գլուխը: Եվրոպան ցանկանում է, որ Ադրբեջանում պաշտպանվեն քաղաքացիական անձանց, լրագրողների եւ երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները, սակայն կառավարությունը հերթական անգամ գործում է իրեն շատ բնութագրական գործելաոճով եւ չի ցանկանում բավարարել Եվրոպայի պահանջները»: Բացի այդ փորձագետը նշել է, որ կառավարության նման գործողությունները կարող են հանգեցնել Եվրոպայի հետ լուրջ խնդիրների առաջացման, հայտնում է «Ազադլըգ»-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն նամակ է հղել Եվրոպական հեռահաղորդակցության միությանը (EBU), որտեղ կառավարության անունից հավաստիացումներ է տալիս «Եվրատեսիլ-2012»-ի հյուրերի համար վիզային ռեժիմի պարզեցման եւ նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ: Կառավարությունը նաեւ երաշխավորում է լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ մյուս հյուրերի կամարտահայտության ազատությունը` համաձայն Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի:




























