Թերսնման վտանգի առաջ, ընդհանուր առմամբ, Արցախում ապրող բոլոր 120 հազար մարդիկ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ արձանագրվում է մահացության աճ, իսկ երեկվա դեպքն ուղղակիորեն կապված է թերսնման հետ։
«Հուլիսին հունիսի համեմատ վիժումների դեպքերը քառապատկվել են, ինչը նույնպես կապված է թերսնման հետ։
Խոցելի խմբում գտնվում են 9000 հազար հաշմանդամներ, 30 հազար երեխաներ եւ 20 հազար տարեցներ։ Եթե սրան գումարենք նաեւ բնակչության ոչ խոցելի շերտերը, ապա կարելի է ասել, որ Արցախի բնակչության 2/3-ը գտնվում է թերսնման անմիջական վտանգի առաջ։
Այսօր խանութների դարակները դատարկ են։ Բազմաթիվ խանութներ փակվել են, ինչը հանգեցրել է նաեւ գործազրկության աճի։ Արցախում շատ քիչ քանակությամբ միրգ եւ բանջարեղեն է արտադրվում։ Դրանք ներառում են լոլիկ, վարունգ, ձմերուկ, խաղող եւ կարտոֆիլ: Արցախի պարենային կախվածությունը Հայաստանից կազմում է 90 տոկոս, ուստի տեղական արտադրության հնարավորությունները բավարար չեն։
Դրան գումարվում է նաեւ դեղորայքի բացակայությունը եւ այլ խնդիրներ»,-նշեց Ստեփանյանը։
Նա հավելեց, որ Արցախից 10 պացիենտ հրաժարվել է բուժման նպատակով Հայաստան մեկնել ԿԽՄԿ միջնորդությամբ, քանի որ նրանց մտահոգում է իրենց անվտանգությունը»,-ասաց նա՝ հիշեցնելով Վագիֆ Խաչատրյանի առեւանգման դեպքը:
«Բացի այդ, մարդիկ անհանգստանում են, որ եթե հանկարծ մահանան Հայաստանում, ապա նրանց մարմինները հնարավոր չի լինի տեղափոխել Արցախ»,-հավելեց օմբուդսմենը։




























