Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ, պետությունների ղեկավարները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային հարցերում փոխգործակցության ընդլայնումը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ։ Քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային հարցերում փոխգործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի ՝ որպես լիիրավ անդամի մասնակցությունը, ինչպես նաեւ ԲՐԻՔՍ-ի գործունեությանը միանալու շահագրգռվածությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել ձեռք բերված ռուս-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ: Նշվում է նաեւ, որ հաստատվել է առեւտրային, էներգետիկ, տրանսպորտային-լոգիստիկ եւ բնապահպանական ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացման տրամադրվածությունը: