ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամմեդ Խազային հերքել է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության նպատակով դավադրություն կազմակերպելուն իրանական հատուկ ծառայությունների առնչությունը: Խազային հայտարարել է, որ Թեհրանի հասցեին ուղղված մեղադրանքները սուտ են եւ պատերազմ սադրող ամերիկացի քաղաքական գործիչների արածն է:
Իրանի ներկայացուցիչը նաեւ նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` վրդովմունք արտահայտելով ԱՄՆ-ի առաջ քաշած մեղադրանքների կապակցությամբ:
Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրանական հատուկ ծառայությունները նախապատրաստել են ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը: Հայտնի են երկու կասկածյալները` Գոլամ Շաքուրին եւ Մանսուր Արբաբսյարը: Վերջինը երկքաղաքացի է: Մի քանի տարի առաջ նա ստացել է ամերիկյան անձնագիր: Սեպտեմբերի 29-ին Արբաբսյարը ձերբակալվել է Նյու Յորքի Քենեդու անվան օդանավակայանում եւ խոստովանական ցուցմունք է տվել, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում անելով Associated Press-ին:
Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ նախապես իմացել են դավադիրների ծրագրերի մասին եւ նրանց շարքերում ներդրել են գործակալի, որը ներկայացել է մեքսիկական նարկոկարտելի անդամ:




























