Ադրբեջանում տիրող կոռուպցիան Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ առկա գլխավոր հարցերից մեկն է: Turan-ի թղթակցին այդ մասին ասել է Վաշինգտոնի պաշտոնյաներից մեկը` մեկնաբանելով առաջիկայում կայանալիք բարձր մակարդակի երկկողմ բանակցությունները:

«Ափսոս, որ Ադրբեջանի կառավարության հակակոռուպցիոն արշավը սահմանափակ էր եւ ժամանակավոր», - նշել է անանուն աղբյուրը:

Մի քանի տարի առաջ Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մասին մի քանի գիրք գրած Ինդիանայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մարտին Սփեքլերի կարծիքով կոռուպցիայի դեմ հնարավոր է պայքարել միայն ժողովրդավարական ընտրությունների, քաղաքացիական ծառայությունների բարեփոխումների, նախարարական պաշտոններում տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների նշանակումների միջոցով, փոխանցում է Contact.az-ը:

«Արեւմտյան ներդրողները մտահոգ են, որ կառուպցիայի եւ տնտեսական հիմնախնդիրների պատճառով իրենց ներդրումներն Ադրբեջանում երաշխավորված չեն», - ասել է Սփեքլերը:

Բացի այդ նավթի ու գազի գնի հնարավոր անկման եւ արտարժույթի փոխարժեքի տատանման պատճառով  պահպանվում է տնտեսական ռիսկերի սպառնալիքը: Եվս մեկ ռիսկ է Հայաստանի հետ հնարավոր պատերազմը:

«Պատերազմի ռիսկն ամենալուրջն է: Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը հաշվի առնելով` Ադրբեջանը չի կարողանա խաղաղ ճանապարհով ազատագրել օկուպացված տարածքները: Սեփականությունը կորցնելու կամ որեւէ կերպ տուժելու ռիկսը կզսպի յուրաքանչյուր ներդրողի», - եզրափակել է պրոֆեսորը: