Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Հաթիբը հայտարարել է, որ Իրանում  Շվեդիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի լրտեսներ են ձերբակալվել՝ հավելելով, որ նրանցից ոմանք մահապատժի են ենթարկվել՝ չնայած արտաքին ճնշմանը, հաղորդում է Tasnim-ը։

«Այսօր երկրի հետախուզական կազմակերպությունների հզորությունն այնպիսին է, որ նրանք բռնել են Ֆրանսիայի, Շվեդիայի, Բրիտանիայի և մի շարք այլ երկրների լրտեսների», - ասել է Հաթիբը կիրակի օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարների ամենամյա համաժողովում:

Հետախուզության նախարարն ավելացրել է, որ այս լրտեսներից մի քանիսը դատապարտվել են մահվան՝ չնայած դրսի ճնշմանը և մահապատժի են ենթարկվել։

Նախարարը նաև խստորեն քննադատել է ԱՄՆ-ին «ԴԱԻՇ (ԻԳԻԼ ) ահաբեկչական խմբավորում ստեղծելու համար», որի տարրերը, ըստ նրա, «կապեր ունեն սիոնիստական ​​ռեժիմի հետ»՝ նշելով, որ Իրանը խափանել է բազմաթիվ դավադրություններ այն բանից հետո, երբ վերջերս ԴԱԻՇ-ի մոտ 200 անդամներ են մտել Իրան՝ ամբողջ երկրում, նաև տարածաշրջանում՝ մասնավորապես՝ Իրաքում, խնդիրներ ու անկայունություն ստեղծելու նպատակով։