Ադրբեջանի կողմից ոչ առաջին, ոչ էլ երկրորդ անգամն է, բնականաբար սադրելու են, սակայն Կապանի օդանավակայանը պիտի աշխատի: Այս մասին Քաջարանի օրվան նվիրված միջոցառումներից առաջ ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: 

«Վստահ ենք, որ թիրախավորված ինքնաթիռին կրակելը դա ավելի մեծ խնդիր է, դա հայ-ադրբեջանական խնդիր չէ, որովհետեւ օդանավը եւ ընդհանրապես երթուղին գրանցված է եւ մենք չենք կարող իրենց յուրաքանչյուր սադրանքին տրվել: նախ շատ կարեւոր լուր է, որ Կապանում գործում է օդանավակայան, կա օդանավա, որը 45  րոպեում Երեւանից հասնում է Կապան եւ հակառակը: Սա շատ կարեւոր է, ռազմավարական նշանակություն ունի եւ ամեն ինչ պետք է արվի, որ ոչ միայն Կապանում, այլ նաեւ տարբեր քաղաքներում լինեն օդանավակայաններ եւ որպես ենթակառուցվածք աշխատի»,- ասաց նա:

Լրագրողի հարցին, թե արդյոք քաղաքացիներին տալիս է անվտանգության երաշխիքներ, նա ասաց, որ բոլորն էլ գիտեն ինչ է կատարվում տարածաշրջանում. «Ինչ երաշխիքների մասին է խոսքը, ամեն օր Ադրբեջանը սադրում է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք ապրել: Եթե մենք դադարենք ապրել, զարգանալ, այո, Ադրբեջանը կհասնի իր նպատակին: Մեզ պետք է լինել միասնական, համախմբված»,- ասաց նա:

Նա հավելեց, որ Սյունիքում բոլորը պետք է լինեն համախմբված, քանի որ կա արտաքին վտանգ:
Մանրամասները՝ տեսանյութում: