Ինչ վերաբերում է օդանավակայանի ուղղությամբ կրակոցներին, իհարկե, սա դատապարտելի է, և իրավապահ համակարգի մեր գործընկերներն աշխատում են այս ուղղությամբ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ մեկնաբանելով Կապանի օդանավակայանի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները։
Ըստ նրա, դեպքի առնչությամբ համապատասխան հայտարարություն է արել նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
«Ընդհանուր առմամբ, նման սադրիչ ոճը դատապարտման է արժանի ցանկացած քաղաքացիական ենթակառուցվածքի, հատկապես օդանավակայանի նկատմամբ։ Ուզում եմ ճշտել և ասել, որ օդանավակայանի աշխատանքներն ավարտված են, բոլոր սխեմաները պատրաստ են, մեր օդանավն իր թռիչքները, մեկնումները և վայրէջքներն ամբողջովին իրականացնում է մեր տարածքում։ Արդեն մի քանի անգամ կանոնավոր տեխնիկական թռիչքներ են իրականացվել, բոլոր հնարավոր տարբերակները փորձարկվել են։ Այսինքն՝ մասնագիտական տեսանկյունից խնդիրներ չկան ո՛չ սահմանը հատելու, ո՛չ վայրէջքների ու մեկնումների առումով։ Այնպես որ այս ուղղությունը պատրաստ է աշխատելու»,- ասել է նախարարը։











