Հայ ազգային կոնգրեսը երբեք չի գնալու ավանտյուրաների եւ ժողովրդի ճնշման տակ հասնելու է իր առջեւ դրված նպատակին` Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այդ մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը:

«Մենք դեռեւս շատ անելիքներ ունենք, որ հասնենք մեր վերջնական անելիքին` Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Հոկտեմբերի 28-ին հրավիրում ենք հանրահավաքի։ Մենք երբեք չենք գնալու ավանտյուրաների, միայն ժողովրդի ճնշման միջոցով ենք հասնելու մեր հաղթանակին` ցույցերի, միտինգների, երթերի միջոցով:

Շեշտում եմ, օգտագործելու ենք բոլոր խաղաղ միջոցները: Ինչպես խաղաղ արել ենք, էդպես էլ կանենք»,- ասել է Խաչատրյանը։

Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նկատել է, որ անկախ նրանից, թե ընդդիմությունն ինչ վերաբերմունք ունի, ինչ է անում, այդ երկխոսությունը վաղ թե ուշ տեղի է ունենալու։ Այդուհանդերձ, ըստ հանրապետական գործչի, «եթե այսօր այդ երկխոսությունը վերսկսվի էլ, որեւէ արդյունք ունենալ չի կարող, քանի որ ընտրություններին մնացել է մի քանի ամիս»։

Ռաֆիկ Պետրոսյանը ընդդիմության խորհուրդ է տվել պատրաստվել հերթական ընտրություններին: