Վրաստանում, Ռուսթավի N6 խիստ ռեժիմի բանտում հացադուլ հայտարարած ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը որոշել է դադարեցնել հացադուլը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Երկիր» միության համակարգող Ռոբերտ Թաթոյանը:

Նրա խոսքով, հոկտեմբերի 11-ին նրան տեսակցել է Հայ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով հորդորել է դադարեցնել հացադուլը` հրաժարվելով իր առողջությանը վնասող այդ ծայրահեղ միջոցից: Ընդառաջելով այդ հորդորներին` Վահագն Չախալյանը որոշել է հոկտեմբերի 12-ից դադարեցնել հացադուլը: Չախալյանը հացադուլ էր հայտարարել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Վրաստան այցի նախօրեին` հոկտեմբերի 6-ին:

Այդ որոշումն ընդունելիս` նա նաեւ հաշվի առել այն հանգամանքը, որ հացադուլ հայտարարելուց հետո բանտի վարչակազմը բավարարել է նրա պահանջների մի մասը: Այսպես.

- Թույլատրվել է հայ հոգեւորականների եւ, մասնավորապես, Վազգեն Սրբազանի հետ նրա տեսակցությունը, 

- Լուծվել է բանտախցի ջրամատակարարման խնդիրը, թույլատրվել է պահել ջրի համար բաքեր,

- Վերացվել են բանտի խանութից գնումներ կատարելու սահմանափակումները,

- Վերադարձվել են բռնագրավված գրքերը:

Վահագն Չախալյանը իր փաստաբանի միջոցով փոխանցել է, որ նա հաստատակամ է շարունակելու իր նկատմամբ արդարության վերականգնման եւ ջավախքահայության իրավունքների պաշտպանության համար պայքարը:

Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն իր հերթին նշել է, որ ներկայումս իր պաշտպանյալը գտնվում է խիստ ռեժիմի գաղութում եւ ենթարկվում է խտրական վերաբերմունքի:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին, իսկ 2009թ. ապրիլի 7-ին բոլոր պատիժների գումարման սկզբունքի կիրառմամբ, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման եւ ակտիվ մասնակցության» (Վրաստանի քր. օրենսգրքի  226- րդ հոդված), «իշխանության ներկայացուցչի դեմ խուլիգանության» (239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետ) եւ «զենք-զինամթերքի պահպանման» (236-րդ հոդվածի 1-ին մաս) համար:

Չախալյանը բողոք է ներկայացրել վրաց իշխանությունների դեմ Մարդու իրավունքների eվրոպական դատարան: Բողոքի քննությունը ներկայումս ընթացքի մեջ է:

Չախալյանի հետ միասին «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման» եւ «զենք-զինամթերքի պահպանման» մեղադրանքներով արդեն պայմանական ժամկետների եւ տուգանքների են դատապարտվել նրա հայրը` Ռուբեն Չախալյանը, եւ կրտսեր եղբայրը: