Թբիլիսիի վերաքննիչ դատարանն այսօր` հոկտեմբերի 12-ին, անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը` Վրաստանի սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավարի, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու`Բադրի Բիցաձեի նկատմամբ, որը հեռակա կարգով դատապարտվել է ոստիկանությանը դիմադրելու համար: Այդ մասին հայտնում է «Նովոստի- Գրուզիա»-ն` վկայակոչելով Բիցաձեի փաստաբան Լեւան Սամուշիային:

Նրա խոսքով, վերաքննիչ դատարանի որոշումը մեկ ամսում կբողոքարկվի Գերագույն դատարանում: Իսկ հաջորդ փուլը լինելու է Ստրասբուրգում` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանն օգոստոսի 19-ին դատավճիռ է կայացրել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու՝ Բադրի Բիցաձեի նկատմամբ։ Նա դատապարտվել է 5 տարի եւ 6 ամիս ազատազրկման:

Բիցաձեին, ում մեղադրել են այն բանում, որ նա Թբիլիսիում վերջերս կայացած հանրահավաքների ժամանակ կազմակերպել է ընդդիմադիրների հարձակումը ոստիկանների վրա, դատապարտել են 5,5 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Թբիլիսիում տեղի էին ունեցել մայիսի 21-ից 26-ը։ Հանրահավաքների կազմակերպիչները իշխանափոխություն էին պահանջում եւ հեղափոխության կոչ անում։