Հայտնի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ով հայտնել էր կուսակցություն ստեղծելու եւ 2012-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, հայտարարել է, որ իր ավագ որդին է դրդել իրեն զբաղվել քաղաքականությամբ, բայց իր որոշմամբ գործարարը չի պատրաստվում ինչ-որ մեկից վրեժ լուծել:

«Ավագ որդիս` Ուտան, ասաց ինձ, որ եթե ես չզբաղվեմ քաղաքականությամբ, ապա դա ինքը կանի: Իսկ իմ կինը հասել է նրան, որ մեր երեխաները, ովքեր մեծացել են Ֆրանսիայում, շատ ավելի հայրենասեր են, քան` մենք եւ ավելի վրացի են, քան` մենք: Ուտայի խոսքերը վերջին կաթիլն էին, որոնք վճռեցին ամեն ինչ»,-ասված Իվանիշվիլիի` հոկտեմբերի 12-ի բաց հայտարարության մեջ:

Իվանիշվիլին իր բիզնես գործունեությունն սկսել է Ռուսաստանում, 1990-ականներից: Հետո նա տեղափոխվել է Վրաստան, պահպանելով Ռուսաստանում ունեցած բիզնեսի մի մասը:

Մինչ օրս նա իրեն հեռու էր պահում քաղաքական գործընթացներից, բայց վերջերս հայտարարել է, որ մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ հասնել իշխանությունից Սահակաշվիլիի հեռացմանը:

Forbes ամսագրում հրապարակված, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում Իվանիշվիլին զբաղեցրել է 25-րդ տեղը: Նրա ունեցվածքը գնահատվել է 5,5 մլրդ դոլար: