Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կրկին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում խաղաղ ցուցարարների բանտարկության կապակցությամբ:
Հայտարարությունում նշվում է, որ թեեւ ԵՄ-ն այս տարի հանդես է եկել բազմաթիվ հայտարարություններով, սակայն հոկտեմբերի 10-ին, խաղաղ ցույցի չորս մասնակիցներ դատապարտվել են, ինչի արդյունքում դատապարտվածների ընդհանուր թիվը հասել է 14-ի:
«ԵՄ-ն կրկին հաստատում է այն կարեւորությունը, որը Միությունը տալիս է հիմնարար ազատություններին, ներառյալ ժողովներ անցկացնելու եւ կարծիքներ ազատ արտահայտելու իրավունքին»,- ասվում է Էշթոնի մամուլի քարտուղարի հայտարարությունում:
Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը կրկին կոչ է արել Ադրբեջանին ապահովել վերաքննության արդար, թափանցիկ գործընթաց, հավելելով, որ ԵՄ պատրաստ է սատարել Ադրբեջանին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու գործընթացում` «առաջնորդվելով ԵԱՀԿ, ԵԽ եւ ԵՄ արժեքներով»:




























