«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցել է Երեւանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի բարեկարգմանը: Բարեգործական ծրագիրն ուղղված էր դպրոցի եւ նրա հարակից տարածքի բարեկարգմանն, ինչպես նաեւ դասարանների վերանորոգմանը եւ նոր ուսումնական ծրագրերի կազմակերպմանը:
«Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի ներդրումն արվեստի զարգացման բնագավառում, թույլ է տալիս հավատալ, որ մեր օժանդակությունն արդյունավետ ազդեցություն կունենա մեր երկրի երիտասարդ երաժիշտների դաստիարակության վրա: Հայ դպրոցի կատարողական արվեստի պատիվն ու ճանաչումն ամբողջ աշխարհում պարտավորեցնում է մեզ շարունակական դարձնել այս բարի ավանդույթն ի շահ մեր երկրի, մեր երեխաների եւ մեր ապագայի»,- նշել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Այսօր մշակութային օջախները բավականին խնդիրներ ունեն եւ ուշադրության մեծ կարիք: Յուրաքանչյուր աշակերտի հաճելի կլինի սովորել բարեկեցիկ պայմաններում, որոնք այսօր հիմնականում բացակայում են: Մանկավարժական կոլեկտիվի եւ աշակերտների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ԱրմենՏել» ընկերությանը ցուցաբերած աջակցության համար»,- նշել է Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գոհար Տոնոյանը:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցը հիմնվել է 1971թ-ին: Դպրոցի աշակերտները մշտապես մասնակցում են տարածաշրջանային եւ միջազգային տարբեր մրցույթների` զբաղեցնելով մրցույթային տեղեր: Այս տարի դպրոցի սան Անդրանիկ Գեւորգյանը դարձել է «Մոսկվան դիմավորում է ընկերներին» մրցույթի դափնեկիր:




























