Առաջիկա երկու տարում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն չի նախատեսվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր ճարտարագետ Ռազմիկ Խաչատրյանը՝ ավելացնելով, որ սակագնի ավելացումը կախված է ներդրումների ծավալից եւ հաճախականությունից։ «Եթե ՀԷՑ-ը ներդրումային քաղաքականությունն ավելի ակտիվացնի, ապա էլեկտրաէներգիայի սակագնի աճն անխուսափելի կլինի։ Իհարկե, կան նաեւ անխուսափելի ներդրումներ, օրինակ, նոր սպառողների միացմանն ուղղված ներդրումները: 2010 թվականին այդ կարգով ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 2,75 մլրդ դրամ, որից 360 մլն դրամը սպառողների կողմից տրվող վճարներն են»,- նշեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ 2009-2010 թթ. ընթացքում ներդրումներ են կատարվել նաեւ բարձր լարման ցանցի վերակառուցման ուղղությամբ, 35-110 կՎ 327 ենթակայաններից 45-ը վերակառուցվել են, կառուցվել է մեկ փակ տիպի ենթակայան, որի նմանատիպը Հայաստանում չկա:
Բարձր լարման գծերի ռելեական պաշտպանությունը փոխարինվել է թվային ռելեական պաշտպանության բլոկերով` անջատումների սելեկտիվության ապահովման համար, որը պաշտպանում է սարքավորումները վնասվելուց: Խնդիրներ ունենք բաշխիչ ցանցերում, որոնք կառուցվել են 60-70-ական թթ., և որոնք այսօր անհրաժեշտ է վերակառուցել հիմնականում գյուղական համայնքներում: ՀՀ-ում կա 865 գյուղական համայնք, որոնց 80%-ը ենթակա է վերակառուցման: Մեկ համայնքի վերակառուցմանն ուղղված ծախսերը կազմում են 180-220 մլն դրամ:
Իրականացված ներդրումներից հետո այսօր ցանցի վիճակը կարելի է բավարար գանահատել։ «Քանի որ վթարի դեպքում, ծանրաբեռնվածության վերաբաշխումը ոչ օպտիմալ ձեւով էր կատարվում, այսինքն՝ լոկալ վթարի կամ գերծանրաբեռնվածության դեպքում տվյալ տարածքի անջատումը հնարավոր չէր արագ կազմակերպել, վթարը ավելի խոշոր չափեր էր ընդունում. հոսանքազրկվում էր ավելի մեծ տարածք։ Այժմ այդ հարցը լուծված է, եւ հնարավոր է լինում խուսափել խոշոր վթարներից եւ սարքավորումների խափանումից»,-նշեց գլխավոր ճարտարագետը՝ ավելացնելով, որ հաջորդ տարի եւս ներդրումներ լինելու են` ուղղված էլ.ցանցի արդիականացմանը։



























