Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է 2012 թ. ներդնել ազգային ռոումինգ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը: «Արդեն սկսել ենք աշխատանքները, միջազգային փորձն ենք ուսումնասիրում: Համարների տեղափոխելիությունը հնարավոր կլինի իրականացնել ազգային ռոումինգի միջոցով»,- ասաց Ս. Արաբաջյանը:
Ազգայի ռոումինգը թույլ է տալիս տվյալ երկրի ներսում, հենց հեռախոսից, առանց քարտը փոխելու` փոխել օպերատորին: Օրինակ` երբ տվյալ տարածքում որեւէ օպերատորի ծածկույթը ավելի լավն է, կամ սակագնային պլանն է ավելի լավը եւ այլն, անմիջապես կարելի է կատարել համապատասխան ընտրություն:
Ս. Արաբաջյանը նշեց նաեւ, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում MNP ծառայությունը ներդնելու ուղությամբ, որը 4-5 ամիս առաջ ներդրվել է հարեւան Վրաստանում: Սակայն, նրա խոսքով, դրա համար լուրջ տեխնիկական եւ իրավական քայլեր պետք է արվեն:




























