Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում այսօր` հոկտեմբերի 12-ին, ժամը 17:00-ին, փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հողաշերտի տակ հայտնաբերվել է եւս երկու դի, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին փրկարարները սողանքի գոտում հայտնաբերել էին անհայտ կորածների ցուցակում նշվող` 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյան եղբայրների, իսկ հոկտեմբերի 11-ին` 1939 թ. ծնված Նորայր Միրզոյանի դիերը:
Մեկ օր առաջ էլ, հողազանգվածից դուրս էր բերվել եւս մեկ` Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանի դին:
Հոկտեմբերի 11-ին, փրկարաները 15-20 մ խորությամբ հողազանգվածի տակից դուրս են բերել «Միթսուբիշի Շարիոթ» մակնիշի 29 ՏՍ 028 համարանիշի ավտոմեքենա:
Որոնողական աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ` սողանքի գոտում աշխատում է 159 փրկարար: Ինժեներական տեխնիկայից ավելացել է 1 էքսկավատոր: Ընդհանուր առմամբ, փրկարարները սողանքային գոտուց դուրս են բերել 27 ավտոմեքենա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա: Այս պահին անհայտ կորած է համարվում 2 մարդ՝ Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը եւ Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: Հնարավոր է, որ հայտնաբերված դիակները, հենց նրանք են, թեեւ այդ լուրը դեռ չի հաստատվել:





























