Վերահաշվարկի արդյունքում, Հայաստանում բջջային կապից օգտվողների բազան նվազել է 680 հազարով` հասնելով մինչեւ 3.27 մլն-ի: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 12-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը: «Դրանք մեռած հոգիներ չեն, ուղղակի հաշվառման մեթոդն է փոխվել»,- ասաց Ս. Արաբաջյանը: Նրա խոսքով` բջջային 3 օպերատորների քարտային բազայի հաշվարկման համար ներկայում հիմք է ընդունվում 3 ամսվա ակտիվ շրջանը, այնինչ օպերատորները կիրառում էին տարբեր ժամկետներ: Արդյունքում` «ՎիվաՍելի» բազան նվազել է մոտ 450 հազարով, իսկ «Օրանժ Արմենիա»-ինը` 230 հազարով: Չի փոխվել միայն «ԱրմենԹելի» բազան, քանի որ այդ ընկերությունը նախկինում էլ 3-ամսյա կտրվածքով էր հաշվում բազան:

Այսպիսով, ըստ Ս. Արաբաջյանի` այս փոփոխություններից հետո «ՎիվաՍելն» ունի ավելի քան 2 մլն բաժանորդ, «ԱրմենԹելը»` 750 հազ. , իսկ «Օրանժ Արմենիան»` 520 հազ.: Օպերատորները պարտավորվել են նաեւ բաժանորդների մասին տվյալները տեղադրել իրենց սայթերում: