Չնայած արտաքին տնտեսական բարդ իրավիճակին, Ռուսաստանի առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ գնալով ամրապնդվում են։ Այս մասին օգոստոսի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Փոխանցելով ՌԴ նախագահ Պուտինի բարեմաղթանքները՝ նա նշել է, որ Ռուսաստանը թանկ է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը և գործընկերային դաշնակցային հարաբերությունները։
«Ապրանքաշրջանառությունն աճում է, և դա մեզ ուրախացնում է, ներառյալ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության ազդեցությունը։ Մենք բոլոր մասնակից երկրների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացում ենք արձանագրում։
Միջկառավարական հանձնաժողովն աշխատում է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների վրա։ Մենք մշտական կապի մեջ ենք։
Մենք խոստում ենք տվել և մեր բոլոր խոստումներին շատ լուրջ ենք վերաբերվում և կատարում ենք դրանք։
Ինչ վերաբերում է այլ նախաձեռնություններին, մենք մեծացնում ենք համագործակցությունը էներգետիկ, խաղաղ ատոմի, հանքարդյունաբերության և տրանսպորտային լոգիստիկայի ոլորտներում: Կան բարձր տեխնոլոգիական մի շարք նախագծեր։ Ընդհանուր տնտեսական զարգացման վրա լավ ազդեցություն են ունենում մեր բիզնես առաքելությունները, որոնք պարբերաբար գալիս են նաև Հայաստան»,- ասել է Միշուստինը։
Նա առաջարկել է արագացնել ներդրումային նախագծերի և տնտեսական զարգացման ոլորտներում բոլոր ուղղություններով աշխատանքները։
«Չափազանց կարևոր է ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը ընդհանուր նախագծերում, փոխադարձ առևտրում։ Վստահ եմ, որ դա կնպաստի ապրանքաշրջանառության աճին և տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացմանը»,- ընդգծել է ՌԴ վարչապետը։











