Քննությունը դիտարկում է վարկածն այն մասին, ՄՌԿ Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռում՝ շասսիի խցիկում պայթուցիկ սարքավորում է տեղադրված եղել։ Այս մասին իր աղբյուրներին հղում անելով հաղոդում է Shot տելեգրամյան ալիքը։

Նախնական տվյալներով՝ թռիչքի ընթացքում պայթյունը տեղի է ունեցել հենց շասսիի կողմից։ Պայթյունի հետևանքով պոկվել է ինքնաթիռի թևը, որն իր հերթին հարվածել է ստաբիլիզատորին, ինչի հետևանքով բիզնես ջեթը սկսել է կտրուկ բարձրություն հավաքել, ինչից հետո կտրուկ սպիրալաձև անկում է ունեցել։

Ալիքի աղբյուրի հավաստմամբ՝ պայթյունի վարկածն այժմ «ստուգվում է»։

«ВЧК ОГПУ» տելեգրամ ալիքի անանուն աղբյուրը պնդում է, որ ինքնաթիռի կործանման գործում առաջին կասկածյալն է հայտնվել։ Դա Պրիգոժինի անձնական օդաչու և կործանված ինքնաթիռի սեփականատեր «МНТ Аэро» ընկերության նախկին հիմնադիր Արտյոմ Ստեպանովն է։ Ալիքի տվյալներով՝ նա հասանելիություն ուներ ինքնաթիռին։ Ստեպանովն այժմ հետախուզման մեջ է։ Նույն աղբյուրի տվյալներով՝ Ստեպանովը ինքնաթիռի կործանումից առաջ մեկնել է Կամչատկա։ Նրա եղբոր խոսքով՝ Ստեպանովը 3 օր է՝ արշավի է մեկնել և կապի դուրս չի գալիս։ Բացի այդ, «МНТ Аэро»-ի փաստացի սեփականատեր Օլգա Գուբարևան և Ստեպանովի գործընկեր Կիրիլ Շերբակովը ևս կապի դուրս չեն գալիս։

Տելեգրամ ալիքների տարածած այս տեղեկությունների պաշտոնական հաստատում առկա չէ։

«Фонтанка»-ն, սեփական աղբյուրներին հղում անելով, գրում է, որ զոհերի մարմինները բազմաթիվ վնասվածքների հետևանքնով արտաքին նույնականացման ենթակա չեն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետները, հիմնվելով անուղղակի ապացույցների վրա, կարծում են, որ Պրիգոժինը զոհերի թվում է։