2012 թ. հունվարի 1-ից «ԱրմենՏելը» կառաջարկի ֆիքսված հեռախոսակապից օգտվելու նոր սակագնային փաթեթ, որը նոր խոսք է հեռահաղորդակցության շուկայում: Տեղեկացնելով այդ մասին` Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը նշեց, որ աշխարհում շատ քիչ երկրներ են կիրառում նման փաթեթներ (մասնավորապես` Ավստրիան), իսկ ԱՊՀ-ում այդպիսի պրակտիկա չկա: «Սա ոչ էժանացում է, ոչ թանկացում, այլ ունի կոնկրետ ուղղվածություն: Սա փաթեթային լուծում է, եթե ֆիքսված կապն օգտագործում են դեպի բջջային եւ միջքաղաքային զանգեր անելու համար»,- ասաց Ս. Արաբաջյանը:
Արաբաջյանի կարծիքով` ներկայիս միջքաղաքային 20 դրամ սակագինը մրցունակ չէ: Առաջարկվող փաթեթով «ԱրմենՏելը» նվազեցնում է դեպի բջջային եւ միջքաղաքային զանգերի սակագինը, փոխարենը նվազեցվում է նաեւ տեղական զանգերի անվճար մասը:




























