Դամասկոսում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել` ի պաշտպանություն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի: Ակցիայի կազմակերպիչները «ցանկանում են ապացուցել ընդդիմությանը եւ ողջ աշխարհին, որ Ասադը դեռ պետք է ժողովրդին եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու Չինաստանին, որոնք նախորդ շաբաթ արգելակեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունումը»:
Հիշեցնենք, որ Սիրիայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն 7 ամիս: Հոկտեմբերի 5-ին, ՄԱԿ-ում կայացած քվերակության ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանը արգելակել են փաստաթղթի ընդունումը: Քվեարկության արդյունքում, Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու փաստաթղթին կողմ է քվեարկել 9, ձեռնպահ է մնացել 4 երկիր: Մոսկվան ու Պեկինը օգտվել են վետոյի իրենց իրավունքից, ինչն էլ, ի վերջո, որոշել է փաստաթղթի ճակատագիրը, այն չի ընդունվել:
Բանաձեւի նախագիծը պատրաստել էին Արեւմտյան երկրները` Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Պորտուգալիան: Վաշինգթոնը «վրդովված է եղել» քվեարկության արդյունքներից:
Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Սիրիայի ղեկավարությունը պետք է երկրում բարեփոխումներ իրականացնի, իսկ եթե ի վիճակի չէ այդ անել, ապա պետք է հեռանա:




























