Օրերս Վրաստանի Թելավի քաղաքում տեղի է ունեցել Հարավային Կովկասի կանաչների` Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ներկայացնող մի շարք հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում կանաչների համախմբման եւ համատեղ գործունեություն ծավալելու հեռանկարները: Ընդունվել է Հարավային Կովկասի կանաչների սկզբունքները ներառող հայտարարություն, որը բաց է տարածաշրջանի բոլոր հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների միացման համար: Հայտարարությանն, ի դեպ օրերս միացել է նաեւ Արցախի եվրոպական շարժումը:

Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ք.Երեւան) դահլիճում տեղի է ունեցել Հարավային Կովկասի կանաչների սկզբունքները կիսող, Թելավիի համաժողովին մասնակցած մի շարք հասարակական կազմակերպությունների` «Էկոլուր», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի էկոլոգիական հարցերով զբաղվող ներկայացուցիչների առաջին աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են առաջիկայում ծավալվելիք գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Հավաքի ընթացքում որոշվել է Հայաստանի կանաչների համախմբման ձեւաչափն անվանել Հարավային Կովկասի կանաչ նախաձեռնություն-Հայաստան, իսկ որպես առավել հրատապ քայլ որոշվել է համատեղ միջոցառումներ նախաձեռնել` ընդդեմ Սեւանա լճի ավազանում` Սոթքի ոսկու հանքավայրին կից ջարդիչ-տեսակավորող համալիրի ապօրինի տեղակայման:

Հայաստանի կանաչների հաջորդ հավաքը որոշվել է անցկացնել մեկ շաբաթից: